Բաժին. Տնտեսական

Վարդան Արամյան. 4% գնաճը տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման ճիշտ հիմքեր

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է ՀՀ կենտրոնական բանկի դիտարկումներին, որ գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր հայաստանյան տնտեսություն։

«Այս տարի ակնհայտ է, որ պետք է վերականգնվել, որովհետև գնանկումային միջավայրից հետո եթե աճում է նաև ներքին պահանջարկը, և կան դրական զարգացումներ, բնականաբար, այդ գները պետք է հետ գան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արամյանը։ «Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել, որովհետև չորս տոկոս գնաճն այն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հիմքեր, որպեսզի չտուժի տնտեսական աճը»,- նշեց նախարարը։

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին, որով ՀՀ ԿԲ-ն ընդունել է գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը:

Share