Բաժին. Տնտեսական

Երևանում միջին աշխատողը մեկ ժամում վաստակում է 1190 դրամ

Ազգային վիճակագրական ծառայությունն առաջին անգամ իրականացրել է աշխատավարձի կառուցվածքի փորձնական հետազոտություն: Այն իրականացվել է Երևան քաղաքի 50 և ավելի աշխատող ունեցող 90 կազմակերպություններում՝ ընդգրկելով աշխատողների ընդհանուր թվաքանակում առավել մեծ մասնաբաժին ունեցող տնտեսական գործունեության ինը ոլորտներ:

Ընդհանուր առմամբ, հետազոտված կազմակերպությունների 82%-ը եղել են միջին չափի (50-249 աշխատող), գերակշռել են կրթության (30%), առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման (21%) և մեծածախ, մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման (20%) ոլորտի կազմակերպությունները:

Հետազոտված կազմակերպություններում միջին աշխատողը եղել է 44 տարեկան, հինգ աշխատողից երեքը՝ իգական սեռի, բարձրագույն կրթությամբ, 41%-ը եղել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ուսուցիչ, բժիշկ, հաշվապահ, ֆինանսավարկային մասնագետ, ծրագրավորող և այլն), 85%-ն ունեցել են լրիվ օր տևողությամբ աշխատանք, տասից իննի աշխատանքային պայմանագիրը եղել է անժամկետ և 86%-ի վարձատրությունը եղել է ժամավարձով / դրույքաչափով:

Փորձնական հետազոտության արդյունքներով առաջին անգամ հաշվարկվել է միջին ժամային համախառն և զուտ աշխատավարձերը (մինչ եկամտային հարկի և այլ պարտադիր վճարումների նվազեցումը և դրանից հետո), ըստ որի միջին աշխատողը մեկ ժամ աշխատելու դեպքում վաստակում է 1605 դրամ՝ հարկերի ներառմամբ և 1190 դրամ՝ առանց հարկերի:

Փորձնական հետազոտության արդյունքներով պարզել է նաև, որ ծրագրավորողը մեկ ժամ աշխատանքի դիմաց վաստակում է գրեթե 3 անգամ ավելի, քան աշխատանքային ստաժի նույն տևողությամբ ճարտարագետը:

Share