Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյան. «Զվարթնոց» օդանավակայանում մրցակցություն ստեղծելու համար պետք է գործի երկու կամ երեք տաքսի ծառայություն

«Զվարթնոց» օդանավակայանում ևս մեկ տաքսի ծառայության աշխատելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ  «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում այսօր փաստացի մեկ տաքսի ծառայություն է աշխատում։

«Օդանավակայանի ղեկավարության հետ իմ հանդիպման ժամանակ իրենք պարտավորվեցին երկրորդ և երրորդ տաքսի ծառայությունների թույլ տալ աշխատել այդ տարածքում։ Այժմ բանակցություններ են տարվում ընկերությունների հետ, որպեսզի երկու-երեք տաքսի ծառայություն գործի, բայց պահանջները խիստ են՝ մեքենաները պետք է լինեն որակով, վարորդները՝ կոկիկ։ Ինձ հաստատել են, որ արդեն իսկ կա պայմանավորվածություն մեկ ընկերության հետ, բայց ծառայությունը դեռ չի գործարկվել»,- ասաց նախարարը։
Սակագների փոփոխության վերաբերյալ նախարարն ընդգծեց, որ ցանկացած մրցակցություն հանգեցնում է գների իջեցման։ Այդ հարցը բարձրացվել է նախարարության կողմից, քանի որ իրենք էլ են համարում, որ սակագներն արդարացված չեն։

«Նախարարությունը ոչ մի իրավասություն չունի սակագներ հաստատելու։ Մենք կշարունակենք բանակցել, պահանջել, որպեսզի գներն իջեցվեն։ Երբ երկրորդ, երրորդ ընկերություններ մտնեն, այդ ժամանակ այս հարցի լավագույն լուծումը կտրվի՝ կլինի մրցակցություն և գների իջեցում»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։

Share