Բաժին. Տնտեսական

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը

Տավուշի Դիտավան գյուղում դժվարարտասանելի Էքսերճիէան ազգանունը վարժ գիտեն անգամ մանուկները. 2007-ից արգենտինահայ բարերար Արմեն և Նատիա Էքսերճիէնները սկսեցին պարբերաբար աջակցել գյուղին։ Դիտավանն այսօր ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ։ Դիտավանին բաժին հասավ նաև Տավուշի մարզի 11 գյուղում արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կառուցված ջերմոցներից 100-րդը։ Հուլիսի 12-ին արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ 100-րդ ջերմոցի բացումը։ Ինչպես և ջերմոցներից յուրաքանչյուրը, այդպես էլ 100-րդը նվիրվեց մեկ ընտանիքի։ Ջերմոցի շահառու Մարինե Մեսրոպյանի ընտանիքը բաղկացած է հինգ անդամից։

Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դաընթացներ է անցել «ստաժավոր» ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։ Բացման արարողության ժամանակ արգենտինահայ բարերար Պողոս Էքսերճիէանը շեշտեց, որ թեև բացմանը ներկա են մի քանի արգենտինահայ ընտանիքներ միայն, սակայն Արգենտինայի ամբողջ հայ համայնքն է խոշոր նվիրատվություններ արել՝ Տավուշի մարզի ընտանիքների համար կայուն եկամուտի հնարավորություն ապահովելու համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ կյանքի է կոչել 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով 100 ջերմոցների ծրագիրը Տավուշի Դիտավան, Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Կիրանց համայնքներում։ Յուրաքանչյուր ջերմոց արժեցել է 5500 ԱՄՆ դոլար։ Ջերմոցների արդյունավետ շահագործման նպատակով նախնական փուլում գյուղացիներին նվիրաբերվում են սածիլներ և տրամադրվում է անվճար խորհրդատվություն։

Share