Բաժին. Տնտեսական

Հայաստանի կառավարության պարտքը. փաստացի թվեր և կանխատեսումներ

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ.  ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրա­ժեշտ փոխառու միջոցների ներգրավման, ինչպես նաև ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման ռազմավարությունը: Ծրագրում ամփոփված են կառավարության պարտքի հիմնական ցուցանիշները, կանխատեսումներն ու կառավարման մասով առկա ռիսկերը, որոնցից առավել կարևորները ներկայացնում ենք ստորև.

– 2016թ. վերջին ՀՀ կառավարության պարտք / նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը կազմել է 52.2%՝ առաջին անգամ գերազանցելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկաբյուջետային սահմանափակում նախատեսող 50% շեմը:  Կանխատեսվում է, որ 2020թ. վերջին ՀՀ կառավա­րության պարտք / ՀՆԱ ցուցանիշը կկազմի 51.0%:

– ՀՀ կառավարությունը 2016թ. ընթացքում պարտքի գծով վճարել է 98.3 մլրդ դրամ տոկոսավճար, որը կազմել է պետական բյուջեի եկամուտների 8.4%-ը և ՀՆԱ-ի 1.9%-ը:

– ՀՀ կառավարության պարտքի առկա պորտֆելի ծախսերի և ռիսկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պարտքի առկա պորտֆելը ամենաշատը կրում է փոխարժեքի ռիսկի ազդեցությունը, քանի որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտքի գերակշիռ մասը՝ 80.7%-ը, ներգրավված է արտարժույթով:

– ՀՀ կառավարության պարտքի 87.5%-ը ֆիքսված տոկոսադրույքով է, ընդ որում՝ արտաքին պարտքի 84.2%-ն է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ ներքին պարտքն՝ ամբողջությամբ:

– 2018-2020թթ. ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կանխատեսվում է 5.19%: Կանխատեսվող տոկոսավճարների մակարդակը 2020թ. կլինի ՀՆԱ-ի 2.5%-ը:

– Մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ կառավարության պարտքի կշիռն ընդամենը պարտ­քի մեջ ցուցանիշը 2020թ. տարեվերջին կկազմի 6.9%, ընդ որում մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ կառավարության արտաքին պարտքի կշիռը արտաքին պարտքում կկազմի 4.6%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող ՀՀ կառավարության ներքին պարտքի կշիռը ներքին պարտքում՝ 15.5%:

– 2018-2020թթ. ժամանակահատվածում նախատեսվում է ավելացնել ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման կշիռը՝ 2020թ. այն հասցնելով մինչև 29.8%:

Share