Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգն աշխատում է 60% վնասաբերությամբ

ԱՊՊԱ համակարգում վնասաբերության ցուցանիշն աճում է, սակայն դեռևս ցածր է սահմանված վնասաբերության մակարդակից: Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝  2017 թվականի հունիս ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 60%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 12 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ հունիս ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 467 հազար 616, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 5 հազար 369-ով։

Share