Տնտեսական | 22:03 17/07/17

Ալիևի «մաթեմատիկան» և Ադրբեջանի վիճակագրական տվյալները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների հետ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրեն հատուկ վստահ ոճով կրկին խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի տնտեսության ունեցած մեծ ձեռքբերումների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երբ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի 2017-ի առաջին կեսի վերաբերյալ  հրապարակած տվյալներին, ապա հասկանալի է դառնում, որ Ալիևի խոսքերը սուտ են և զուրկ որևէ հիմքից:

2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ 5,5 տոկոսովն պակաս է:

Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում տարեսկզբից  նավթային հատվածի արտադրության ծավալները նվազել են 7,2 տոկոսով:

«2017-ի սկզբին ես ասել եմ, որ այս տարին լինելու է  տնտեսական զարգացման տարի: Այդպես էլ եղել է: Արդեն կարելի է փաստել այդ ամենը: Եղած ձեռքբերումներն ու մեր պաշտոնյաների՝ իրենց ելույթներում  հայտնած տվյալները  ինձ հիմք են տալիս ասելու, որ այս տարին հանդիսանալու է զարգացման տարի:  Նախորդ տարին եղել է տնտեսական և ֆինանսական կայունացման տարի: Այս տարին էլ կդառնա զարգացման տարի: Ես ավելի քան վստահ եմ, որ մոտ տարիներին Ադրբեջանն ավելի կամրապնդի իր տնտեսական ներուժը»,- նախարարների հետ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասել էր Իլհամ Ալիևը:

Վիճկոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակված սննդի արտադրության ոլորտում գրանցվել է 2,7 տոկոս, խմիչքների արտադրության ոլորտում 30,6 տոկոս, տեքստիլի արդյունաբերությունը 2,1 անգամ, շորերի արտադրությունը 57,1 տոկոս,  փայտամշակման և փայտյա իրերի արտադրությունը 82,8 տոկոս, քիմիական արտադրանքում 22,4 տոկոս, դեղագործական արտադրանքում 2,3 անգամ, ռետինե և պլաստմասե իրերի արտադրությունում 48,5 տոկոս, շինանյութերի արտադրությունում 38,5 տոկոս, համակարգչային և էլեկտրոնային պարագաների արտադրությունում 75,7 տոկոս, էլեկտրական սարքերի արտադրությունում 84,2 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունում 18,8 տոկոս, կահույքի արտադրությունում 28,7 տոկոս,  ծխախոտային արտադրանքում 31,4 տոկոս, կաշվի և կաշվե իրերի արտադրանքում 55,8 տոկոս, տպագրական պարագաների արտադրությունում 36,8 տոկոս, մետաղագործական արդյունաբերության արտադրանքում 9,5 տոկոս, արհեստական մետաղի արտադրությունում 30,3 տոկոս, մեքենաների և սարքավորումների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունում 55,1 տոկոս նվազում:

Կոմիտեի հաղորդմամբ՝ 2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանում միջին  տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս:

Պարենային ապրանքների պարագայում գնաճը կազմել է 18,1, ոչ պարենային ապրանքների պարագայում` 12,4 տոկոս, իսկ վճարովի ծառայություններինը` 9,4 տոկոս:

Այսպիսով, երբ «անզեն»  աչքով հետևում ենք Ադրբեջանի վիճակագրական պետական մարմնի հրապարակած տվյալներին, միանգամից հասկանալի է դառնում, որ արդյունաբերության ոլորտում գրանցված նման անկումների  և երկրում գրանցված նման գնաճի պարագայում, Ադրբեջանի տնտեսության վիճակի լավացման, առավել ևս Ալիևի ներկայացրած ամպագոռգոռ զարգացումների ու ձեռքբերումների մասին խոսք գնալ չի կարող:

Արեն Պետունց