Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.1%-ով

2017թ. առաջին կիսամյակում, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 10.9%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1.4%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 10.0%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 760.360 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,121.725 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝  648.719 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 247.117 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 111.705 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.5%:

Share