Բաժին. Տնտեսական

ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է կատարում կաթնամթերք վերամշակող և պաղպաղակ արտադրող ընկերություններում

ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայությունը սննդամթերքի անվտանգության մասով իրականացնում է ծավալուն աշխատանք: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:

«Տարբեր ոլորտների արտադրություններում, կաթնամթերք վերամշակող, պաղպաղակ արտադրող ընկերություններում կատարվում են ուսումնասիրություններ: Ընթացքի մեջ է բուսասանիտարական մոնիթորինգը, կենդանական ծագման ապրանքների մասով հսկողությունը: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ, ներդնում ենք հաց և միս տեղափոխող տրանսպորտային միջոցների նորմեր, որոնք Երևանում պարտադիր կլինեն սեպտեմբերի մեկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ մոտ ժամանակներս այդ ուղղությամբ ակտիվ տեղեկատվություն կներկայացնեն:

ՍԱՊԾ պետը տեղեկացրեց նաև, որ ներկայում հանրապետությունում գրանցված է 15 սպանդանոց:

Անդրադառնալով «Հետք» պարբերականի հրապարակմանը, ըստ որի՝ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ, ՍԱՊԾ պետն ասաց, որ սահմանված ընթացակարգին համապատասխան ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ։ «Բնականաբար, կան արդյունքները, կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ», – նշեց Կարապետյանը։ Հարցին՝ որ ընկերությունում են խախտումները հայտնաբերվել, Իշխան Կարապետյանն ասաց, որ զերծ կմնա անուններ հնչեցնելուց։ «Երբ ստուգման արդյունքները կավարտվեն տվյալ ամսվա համար, մենք տեղեկատվությունը կտրամադրենք», – ասաց նա։

Share