Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների հետ քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ Դանիել Մուլանին, Ջեյսոն Բունտինին և Քարիշա Կույպերսին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներ, մասնավորապես օրենսդրական բարեփոխումներին, մտավոր սեփականության պաշտպանությանն ու օտարերկրյա նոր ներդրումային ընկերությունների մրցակցային հնարավորություններին առնչվող հարցեր:

Իր խոսքում Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ  առևտրի ներկայացուցչի տեղակալ Լ. Դանիել Մուլանին կարևորեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքները տնտեսական տիրույթում խաղի հավասար պայմանների, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության և արդարացի մրցակցության ապահովման հարցերում, ինչը  նրա խոսքով շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար և նոր հնարավորություններ կբացի օտարերկրյա ներդրումների համար:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր գոհունակությունը  հայտնեց պաշտոնյաներին՝ տնտեսական մրցակցության խնդիրները կարևորելու, ինչպես նաև  արդյունավետ համագործակցության համար:

Ա. Շաբոյանը անդրադարձել է Հայաստանի մրցակցային մարմնի առաջնահերթություններին՝ ներկայացնելով այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել և էական խնդիրներ են լուծվել: Մասնավորապես, ՏՄՊՊՀ նախագահը խոսել է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրներից՝ նշելով, որ երբեմն այս կամ այն ապրանքային նշանի գրանցման միջոցով որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձում են մուտքի խոչընդոտներ ստեղծել: Որպես օրինակ Ա. Շաբոյանը ներկայացրել է վերջերս ՏՄՊՊՀ վարույթում գտնված երկու գործեր, որոնք առնչվում են ամերիկյան ՝ «BURGER KING» և «Մայքրոսոֆթ» ընկերությունների Հայաստանի ներկայացուցչությունների գործունեությանը: Հարուցված վարչական վարույթի արդյունքում  Մրցակցային հանձնաժողովը պաշտպանել է վերոնշյալ ընկերությունների շահերը:

ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է նաև Համաշխարհային մրցունակության զեկույցի գնահատականներին, որի համաձայն Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ տարեցտարի զգալի առաջընթաց է արձանագրվում:

Երկուստեք ընդգծվել է տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության սերտացման և նոր երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Share