Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. ներդրում բերելը միայն կառավարության խնդիրը չէ, այլ առաջին հերթին խոշոր համայնքների ղեկավարների

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաև հուլիսի 29-ին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա. «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22.3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել՝ տարեկան 50 հա: Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:

Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը: «Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», – ընդգծել է վարչապետը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր: Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:

Share