Բաժին. Տնտեսական

Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը

Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրեր բաժինը արդեն բավական երկար ժամանակ  իրականացնում է  թեմատիկ ինտերակտիվ էքսկուրսիաներ: Այս ամենի հիմնական նպատակը մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաև հայ և այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության  փորձառության ապահովումը և այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ Հանրային կապերի բաժնից, 2017 թվականի հունիսին և հուլիսին ազգային պատկերասրահում անցկացվեց ամառային դպրոց ծրագիրը: Շուրջ 100 երեխա (6-14 տարեկան) մասնակցեց ամառային դպրոց ծրագրի դասընթացներին, որոնք նախատեսված են բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու, այդ թվում ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, ինչպես նաև այցելություններ Եղ. Չարենցի արվեստի և գրականության թանգարան:

Հուլիսի 21-ին ազգային պատկերասրահն ամփոփեց շուրջ երկու ամիս տևած ամառային դպրոցի արդյունքները՝ մասնակիցները ստացան վկայականներ, մանկական պատկերագրքեր: Երեխաները մեծ ոգևորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցել նաև հաջորդ ծրագրերին:

Share