Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. հայկական արտադրության արևային վահանակների գները մրցունակ են

Հայաստանում արդեն իրականացվում է տեղական արևային վահանակների արտադրություն: Դրանից բացի կան մի քանի այլ ներդրումային ծրագրեր, որոնց նպատակն է այստեղ վահանակների արտադրություն կազմակերպելը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Կատարել ենք շուկայի ուսումնասիրություն, տեսնում ենք, որ տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլև որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արևային վահանակներով համակարգերի առաջարկը: Այսինքն` ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում: Եվ հավելյալ արժեք, որ այդ արտադրությամբ կգոյանա, թողնել ՀՀ-ում»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հայտարարվել է 55 մեգավատ արևային կայանի կառուցման համար մրցույթ: Այդ մրցույթի նախաորակավորման փուլն ավարտված է: Ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն:

«Կազմակերպությունների անունները հրապարակել ենք, կարող եք տեսնել և ինքներդ համոզվել, որ մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերությունները: Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ մենք կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան 55 մեգավատ կայանի համար հայտարարված մրցույթի մասնակցել: Սա ցույց է տալիս այն, որ գործընթացը կազմակերպվել է արդյունավետ, ճիշտ սկզբունքներով»,-ասաց նա:

Նախատեսվում է մրցույթն ավարտել 2018 թվականի առաջին եռամսյակում: Այժմ մրցույթի փաթեթի վերջնական խմբագրական աշխատանքներն են իրականացվում: Նախնական քննարկումներ են գնում նախաորակավորման փուլն անցած ընկերությունների հետ: Սեպտեմբերին հայտարարվելու է բուն մրցույթը: Կսահմանվի 3 ամիս հայտերը ներկայացնելու համար: Նպատակ է դրված, որ տարվա վերջ արդեն պարզ լինի հաղթող սակագինը, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում վերջնական պայմանագրերը կնքվեն:

Ընթացիկ տարում միաժամանակ ակտիվ քննարկումներ են գնացել երկրաջերմային հորատման ծրագրի արդյունքներով կազմված ֆինանսատեխնիկական հիմնավորումների հետ կապված: Հայկ Հարությունյանը նշեց, որ ներդրողների հետ ակտիվ քննարկման փուլում են:

«Փորձում ենք հասկանալ, այն ռեսուրսը, որ գտել ենք, տնտեսապես որքանո՞վ է շահավետ և ի՞նչ սակագնով կարելի է համակարգային կայան կառուցել: Ներկայում բազմաթիվ հանդիպումներ են անցկացվում»,-հավելեց փոխնախարարը:

Share