Տնտեսական | 00:07 01/08/17

Աճել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը

Տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, Հայաստան է ժամանել  622.38 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 24%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հարկ է նշել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների զգալի մասը Իրանից են և Ռուսաստանից:

Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանը տարեկան կհյուրընկալի մինչև 3 մլն միջազգային զբոսաշրջիկ: Ոլորտի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը զբոսաշրջության մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կկազմի 12%: Ականկալվում է նաև, որ մինչև 2030 թվականը ափյուռքահայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա՝ հասնելով տարեկան 1.5 միլիոնի:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: