Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանը ստացել է 82 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի առաջին կեսին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 1167.7 տոննա ապրանք՝  39 մլրդ 655.7 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 82 մլն  ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը բնեղեն արտահայտությամբ աճել է ավելի քան 3.3 անգամ:

Գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալների շուրջ 10%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, մոտ 6%-ը՝ ԱՄՆ-ին, 3.6%-ը՝ Չինաստանին, 3.5%-ը՝ Գերմանիային:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ վերը նշված երկրներն ավելացրել են Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ընդ որում՝ առավել մեծ աճ գրանցվել է Գերմանիայի դեպքում (5.5 անգամ):

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության  88.7% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 3.3%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 2.8%-ը` մանածագործական իրերը, 1.6%-ը` սարքերը և ապարատները, 1.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 0.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 1.7%-ը` մնացած ապրանքները:

Share