Բաժին. Տնտեսական

Պետբյուջեի 32%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ

Տարվա առաջին կեսին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 197.0 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի շուրջ 32%-ը:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 23%:

Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 8%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը ևս կազմել են 8%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5%:

Նշենք նաև, որ 2017 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 619.99 մլրդ ՀՀ դրամ:

Share