Տնտեսական | 21:31 09/08/17

Այս տարի Հայաստանից Եվրոպա արտահանումն աճել է 30%-ով

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում գրանցվել է աճ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 677.10 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածի համեմատ ցուցանիշն աճել է 18%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է շուրջ 24%: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Բուլղարիան, Նիդերլանդները և Իտալիան:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է 301.57 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 375.52 մլն ԱՄՆ դոլար:

Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է ավելի քան 30%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 9%-ով:

Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 30%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 20%: