Տնտեսական | 19:06 23/08/17

Աշոտ Մանուկյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը՝ հատկապես  էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով:

ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:

«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը,  որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։  Մասնավորապես ներկայացված  են  «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և  վստահեցրել, որ  հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Զրուցակցները մտքեր են փոխանակել  Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման,  Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը: