Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Ձեռներեցների փոքր իրավախախտումների դեպքում տուգանքի փոխարեն կկիրառվի զգուշացում

Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում:

«Միաժամանակ, նման իրավախախտումները իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսավարողների նկատմամբ կարող է կիրառվել՝ նախազգուշացում, սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսավարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Share