Բաժին. Տնտեսական

Գեղարքունիքում բացվել է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, «Հրաշք այգի» ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանը, «CLAAS» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը, համայնքների ղեկավարներ և  հողօգտագործողներ:

Կայանը հիմնադրվել է «ՖԻԱՌ» ԳՐՈՒՊ ընկերության կողմից, տեխնիկան տրամադրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից, մատակարար է հանդիսացել «Հրաշք այգի» ընկերությունը: Կայանում ներկայացված է մոտ 30 միավոր եվրոպական ժամանակակից գյուղտեխնիկա, այդ թվում` կոմբայն և տրակտորներ:

Կայանի ստեղծման նպատակն է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հողօգտագործողներին վարձակալության հիմունքներով տրամադրել ժամանակակից գյուղտեխնիկա:

«Նման կայանների ստեղծմամբ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել նոր տեխնոլոգիաներից, տնտեսություններին կապահովենք որակյալ գյուղտեխնիկայով, ինչի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը նաև վստահեցրել է, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ սա առաջին ծրագիրն է, որն իրականացվել է պետական աջակցությամբ և մասնավոր ներդրումների ներգրավմամբ:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին ընդգծել է, որ կայանի հիմնումը Հայաստանի համար բոլորովին նոր մոտեցում է, և այն առաջին քայլը կհանդիսանա գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջ պարկը համալրելու ուղղությամբ:

Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան, ինչը փոքր և միջին ֆերմերներին թույլ կտա իրենց հողը մշակել առավել արդյունավետ:

Գյուղտեխնիկայի ոլորտում առաջատար «CLAAS» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը կարևորել է տեխնիկայի ճիշտ ընտրությունը` ելնելով Հայաստանի ռելիեֆի առանձնահատկություններից:

Share