Բաժին. Տնտեսական

Հավանության է արժանացել կառուցապատման 15 մլն դոլարի ներդրումային ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ ներկայացրած Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին: Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է վերոնշյալ տարածքում կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև համապատասխան հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել թատրոնի նոր շենք: Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում և նոր բազմաբնակարան շենքերի կառուցում, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգում: Նախատեսվում է իրականացնել մինչև 15 մլն դոլարի ներդրում, որից 5 մլն դոլարը՝ առաջին փուլով:

Գործադիրն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով կլուծվի կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակը: Հիմնավորման համաձայն, ՀՀ սեփականությունը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխանցված, երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարանի ամբուլատորիայի շենքը երկար ժամանակ է չի շահագործվում և այն ֆիզիկապես մաշվում է: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշելու նշված գույքի հետագա կարգավիճակը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է գույքագրել նման ակտիվները:

Լրացում և փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունը նախատեսում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարում: Արդյունքում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն կկազմակերպվեն արագ և մասնավորեցման գործընթացը կիրականացվի ավելի արդյունավետ: Վարչապետը հորդորել է գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանել:

Share