Տնտեսական | 00:41 01/09/17

Սուրեն Կարայան. «Մեղրի» ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը կտրվի նոյեմբեր ամսին

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կտրվի առաջիկա նոյեմբերին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան: «Վերջերս իմ հրավերով Հայաստան ժամանեց Իրանի նախագահի գլխավոր խորհրդականը, ով նաև Իրանի ազատ տնտեսական գոտիների խորհրդի նախագահն է: Ստորագրվեց հուշագիր, որի համաձայն ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որն էլ զբաղվելու է ազատ տնտեսական գոտիների համագործակցության զարգացմամբ: Նոյեմբերին մենք կտանք Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

2017 թվականին դրվել է Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների սկիզբը։ Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։

ԱՏԳ-ի կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլարի ապրանքներ: