Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագիրը կշարունակվի

«Հյուսիս-հարավ ճանապարհային ներդրումային ծրագիրը» կշարունակվի: Այս մասին սեպտեմբերի 1-ին  Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝  չմանրամասնելով երբ և ինչ միջոցներով:

«Ծրագիրը հարցականի տակ չէ, անպատճառ անելու ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած ծրագրերի մասին վարչապետը փաստեց. «հենց մեկ  տարին լրանա յուրաքանչյուր  նախարարություն ու գերատեսչություն   կխոսի, ես էլ կխոսեմ»:

Անդրադառնալով Շիրակի մարզում անցկացրած փակ խորհրդակցությանը՝ Կարեն Կարապետյանը  հանդիպումը բավական արդյունավետ ու նպատակային որակեց:    «Սա, ըստ էության, երկրորդ  մարզային այցն է և այսօրվա  նյութը շատ առարկայական և կիրառական էր: Այսօր մենք գույքագրել ենք  խնդիրները, մատնանշել ենք անելիքները: Յուրաքանչյուր գերատեսչություն գիտի իր խնդիրները և մեր այս հանդիպումները պարբերական են լինելու, կլինեն նաև պարբերաբար հանդիպումներ և՛ մարզպետների, և՛ խոշոր համայնքների ղեկավարների հետ»,-նշեց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ Գյումրու պատմական կենտրոնի՝ «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրը շարունակական կլինի:

«Շինարարներն ասում են՝ բավական դժվար աշխատանքներ են, կարող է հոկտեմբերի 1-ին չհասցնեն ավարտել, բայց այդ ծրագիրն անպայման անելու ենք: Մենք պետք է փաստենք՝ Գյումրու նման ներուժ զբոսաշրջության համար մենք շատ չունենք  և հետևողականորեն այս ծրագիրը պետք է շարունակենք»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Արմենուհի Մխոյան

Share