Բաժին. Տնտեսական

Գործընկեր երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալներն աճել են 3 անգամ

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 1408.4 տոննա ապրանք՝ 41 մլրդ 534.8 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 85 մլն 929.9 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը բնեղեն արտահայտությամբ աճել է ավելի քան 3 անգամ:

Գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալների շուրջ 10%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, մոտ 7%-ը՝ ԱՄՆ-ին, 4.5%-ը՝ Չինաստանին, 3.4%-ը՝ Գերմանիային:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ վերը նշված երկրներն ավելացրել են Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ընդ որում՝ առավել մեծ աճ գրանցվել է Գերմանիայի դեպքում (5 անգամ):

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալում գերակշռել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, մանածագործական իրերը, սարքերը և ապարատները, տարբեր արդյունաբերական ապրանքները:

Share