Տնտեսական | 17:33 07/09/17

էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի

Գործադիրը հավանություն է տվել ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ: Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր: Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունների արդյունքում շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի, կներդրվեն առևտրի ժամանակակից կանոններ, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ կներդրվեն միջպետական առևտրի խթանման համար՝ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանվածությունը և պատասխանատվության բաշխումը շուկայի մասնակիցների միջև: Նախատեսվում է առանձնացնել բաշխման և մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ իր հերթին կավելացնի գանձվող պետական տուրքերը: Կհստակեցվեն նաև համակարգի և շուկայի օպերատորների գործառույթները, կսահմանվի նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա, որով սահմանված գործունեությունը գրեթե կարգավորման չի ենթարկվի, ինչը կխթանի միջպետական առևտուրը:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել վերոնշյալ օրենքի գործողության ժամկետը՝ «2018» թիվը փոխարինելով «2021» թվով: Արդյունքում սահմանամերձ համայնքների բնակավայրերում կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը: