Բաժին. Տնտեսական

Հայաստան այցելող զբոսաշրջիկների 23%-ը Ռուսաստանից են, 18%-ը՝ Իրանից

Ընթացիկ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, Հայաստան է ժամանել ավելի քան 622 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 24%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների 23%-ը Ռուսաստանից են, իսկ մոտ 18%-ը՝ Իրանից: Ընդ որում, հաշվետու ամսում Ռուսաստանից մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 68%-ով, իսկ իրանցի զբոսաշրջիկների թիվը՝ շուրջ 67%-ով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է 9.6%, Գերմանիայի այցելողներինը՝ 4.3%, իսկ Ֆրանսիայից այցելողներինը՝  3.9%:

Հաշվետու ժամանակահատվածում առավել զգալի աճել է Կանադայի Հայաստան այցելողների թիվը՝ շուրջ 2.6 անգամ: Արդյունքում, կանադացի զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում է 3.1%:

Նշենք նաև, որ մեր երկրում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանը տարեկան կհյուրընկալի մինչև 3 մլն զբոսաշրջիկ: Իհարկե, այս ցուցանիշը ներկայացված է՝ ըստ լավագույն սցենարի:

Ոլորտի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը զբոսաշրջության մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կկազմի 12%: Ականկալվում է նաև, որ մինչև 2030 թվականը ափյուռքահայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա՝ հասնելով տարեկան 1.5 միլիոնի:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share