Բաժին. Տնտեսական

Հայկական պահածոների արտադրությունն աճել է

Վերջին տարիներին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել են շուրջ 5 հազար 646.3 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածւ համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 13%-ով:

Հաշվետու յոթ ամսում արտադրված պահածոներից մոտ 2 հազար 753.7 տոննան կազմել են բանջարեղենի պահածոները, 1 հազար 902.5 տոննան՝ մրգի, 468.7 տոննան՝ մսաբուսական, 240.5 տոննան՝ մսի, 160.5 տոննան՝ ձկան, 106.6 տոննան՝ տոմատի պահածոները, 13.8 տոննան՝ խեցգետնի պահածոները:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճել են ձկան և բանջարեղենի պահածոների արտադրության ծավալները. յուրաքանչյուրի մասով գրանցվել է աճ շուրջ 2 անգամ:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 14.5 հազար տոննա պահածոներ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 30%-ով:

Share