Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. Արտակ Շաբոյանը Ալմաթիում խոսել է ԵԱՏՄ անդամակցության տեսանելի արդյունքների մասին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում ընթացող Մրցակցության հարցերով միջազգային համաժողովին:

Համաժողովը կարևորագույն հարթակ է ՝ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև արտահանող և ներկրող ընկերությունների մրցակցային հավասար հնարավորություններին առնչվող հարցերի քննարկման համար: 

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը Համաժողովում հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով ԵԱՏՄ անդամակցության շրջանակում կատարված մեծածավալ աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև խոսել է դեռևս կանոնակարգման անհրաժեշտություն ունեցող խնդիրների մասին: Մասնավորապես, իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է ԵԱՏՄ անդամ այլ երկրների առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործացության խնդրին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ շարունակվող և արդեն իսկ կատարված բավականին լուրջ աշխատանքը:  «Տնտեսական միասնական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները պետք է ունենան աշխատելու հավասար մրցակցային պայմանները,  ինչին էլ ուղղված  է մեր գործունեությունը վերջին  2 տարիների ընթացքում»,-նշել է Ա. Շաբոյանը: Նա գործընկերներին է ներկայացրել նաև մի քանի հաջողված օրինակներ, երբ Հանձնաժողովը կարողացել է ՌԴ տարածքում պաշտպանել հայ արտադրողների շահերը, և, անգամ ներգրավվելով գործում որպես երրորդ կողմ, դատական կարգով վերականգնել է նրանց շահերը: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ այսօր արդեն մեջ հաջողությամբ կիրառվում է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից ընդունված  առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը. «ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առևտրային ցանցերի և հայ արտադրողների միջև սկիզբ դրված և այսօր արդեն հաջողությամբ զարգացող և ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարևորվում է»: 

Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը խոսել է նաև այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցությունը էապես դրական է անդրադարձել մեր երկիր նոր տնտեսվարողների մուտքի, ինչպես նաև երկրից արտահանումների աճի առումով: Այս հանգամանքն, անշուշտ, իր դրական ազդեցությունն է ունեցել տասնյակ ապրանքային շուկաներում մրցակցության ուժեղացման վրա: Բացի այդ, ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների աշխատանքը դարձել է ավելի սերտ, ինչը հնարավորություն է ընձեռում  առավել օպերատիվ կերպով համագործակցել՝ պահանջվող տեղեկատվության փոխանակման, համատեղ վարույթների իրականացման և երկկողմ հնարավոր խնդիրների լուծման առումով:

Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ և այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև տնտեսական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

Share