Տնտեսական | 09:40 14/09/17

Կառավարության հաշվետվություն. ՀԶՀ գործունեության արդյունքում կնքվել է 112 մլն դոլարի ներդրումային պայմանագիր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը:

Հաշվետվության համաձայն, վերոնշյալ ժամանակաշրջանում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին։

Կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն ԱՄՆ դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։

Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ www.investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տարբեր ոլորտների թվով 40 ծրագրեր:

Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր։

Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները։ 2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։

Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի։ Ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում քննարկվում են ներդրումային և արտահանման ծրագրեր։