Բաժին. Տնտեսական

Տավուշի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվոող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել են մաքրման աշխատանքների պահանջների վերաբերյալ որոշումներ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության սակագների որոշումներ, սակայն դեռևս աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ընդհանուր հավաքագրման ծավալներն ավելացնելու մասով: Համատեղ որոշվել է այն ցուցանիշը, որը պետք է արձանագրվի տարվա վերջի դրությամբ:

Նշվել է, որ առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 22.7 տոկոս, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22 տոկոսով: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ համատեղ քննարկել սահմանամերձ շրջաններում բժշկական հաստատությունների բժիշկ ղեկավարներին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակման վերանայման հարցը:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ընդգծելով, մասնավորապես, որ Գետահովիտ համայնքում 600 մլն դրամի, Իջևանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի և 1 մլն դոլարի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են: Բերդի տարածաշրջանում 5մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայումս ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018 թվականին այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի: Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ և ընդգրկում է բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր ևս: Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.508 մլրդ. դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ նաև Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող միջոցառումներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով: Միաժամանակ վարչապետը մարզպետին հանձնարարել է մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին հնարավորինս լայնորեն տեղեկացնել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի մասին:

Share