Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգն աշխատում է 62% վնասաբերությամբ

ԱՊՊԱ համակարգում վնասաբերության ցուցանիշն աճում է, սակայն դեռևս ցածր է սահմանված վնասաբերության մակարդակից: Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ 2017 թվականի օգոստոս ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 62%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 13 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ օգոստոս ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 476 հազար 831, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 հազար 16-ով։

Share