Բաժին. Տնտեսական

Հիմքեր՝ դեպի երրորդ երկրներ հայ-իրանական ապրանքների արտահանման համար

Այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի ներկայությամբ, բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։

Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի, քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով։

«Հույս ունեմ, այս ցուցահանդեսները կդառնան ավանդական՝ իրենց ներդրումն ունենալով հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում», – միջոցառման բացմանը նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Այս ցուցահանդեսով Հայաստանում կբարձրանա իրանական ապրանքների մասին տեղեկացվածությունը, սա նաև հիմքեր կստեղծի ներմուծվող իրանական ապրանքների, կիսաֆաբրիկատների՝ մեր երկրում հետագա վերամշակման, այստեղ համատեղ արտադրությունների հիմնման և դեպի երրորդ երկրներ արտահանման համար»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Նախարար Սուրեն Կարայանը իրանցի գործընկերների հետ շրջայց է կատարել ցուցահանդեսի տարածքով, ծանոթացել ներկայացված տեսականուն։ Էքսպոյի շրջանակում տեղի կունենան B2B հանդիպումներ։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Հոսեյն Էսփահբոդին։

Վերջերս Թեհրանում տեղի է ունեցել հայկական ապրանքների ցուցահանդես, որին մասնակցել են 103 հայաստանյան ընկերություններ։

«Սա Իրանում հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու հայաստանցի և իրանցի գործարարների միջև տնտեսական կապերը։ Իրանում կայացած ցուցահանդեսից, ի դեպ, հայկական ընկերությունները վերադարձել են 9 պայմանագրով, որից 1-ը՝ արտահանման բացառիկ պայմանագիր և 2 բուհական համագործակցության հուշագիր», – նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Ծրագրերի թիմի ղեկավար Ավետիս Հովհաննիսյանը։

Share