Տնտեսական | 18:03 25/09/17

Մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը

Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 25-ին մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Ողջունելով մասնակիցներին` նախարարը կարևորեց նմանատիպ գիտաժողովի անցկացումը ՏՏ և կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների և փորձի փոխանակման տեսանկյունից։

«Չափազանց կարևորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական և կիրառական հետազոտությունների և ինովացիայի շարժիչ ուժերից են»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ընդգծեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Բացման խոսքով մասնակիցներին դիմեցին նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու «CSIT» գիտաժողովի նախագահ, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։

««CSIT»-ն անցկացվում է արդեն 20 տարի: Հիմնական նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները»,- ասաց Յուրի Շուքուրյանը։

Գիտաժողովին մասնակցելու համար 20 երկրից Հայաստան են ժամանել արտասահմանցի գիտնականներ, ովքեր հայ գործընկերների հետ ներկայացրել են 100-ից ավելի գիտական հոդվածներ։ Դրանք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին։

«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության, և առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

«Գիտական արդյունքների ներդրում տնտեսության մեջ». սա նախարարի հիմնական ակնկալիքն է այս և նմանատիպ այլ գիտաժողովներից։

«CSIT»-ն կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, պլենար, զուգահեռ նիստերի հետ միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։