Բաժին. Տնտեսական

8 ամսում Հայաստանն այլ երկրների հետ իրականացրել է շուրջ $3.9 մլրդ առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-օգոտսոս ամիսներին մեր երկրի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 880.6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 24.4%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ութ ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանը արտահանել է 1 մլրդ 383.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2 մլրդ 497.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 22%, իսկ ներմուծման ոլորտում՝ 26%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share