Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարությունը և Schneider Electric ընկերությունը կհամագործակցեն գիտատեխնոլոգիական ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և էներգիայի կառավարման ու ավտոմատացման բնագավառում մասնագիտացված ֆրանսիական Schneider Electric ընկերությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի ծրագրերի իրագործման վերաբերյալ:

Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԱՊՀ-ում ու Ռուսաստանում Schneider Electric ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացումն ու տեխնոլոգիական փորձի փոխանակումը խթանելու նպատակով, մշակել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի համատեղ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունների ծրագիր:

Սուրեն Կարայանի հետ հանդիպման ընթացքում Schneider Electric ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը նախարարին համառոտ ներկայացրել են ընկերության ծրագրերը Հայաստանում, մասնավորապես՝ արտադրական գործունեություն ծավալելու հեռանկարները, ինչպես նաև ընկերության կողմից բացված Էներգիայի բաշխման և ավտոմատացման կոմպետենտության կենտրոնի աշխատանքները: Արմեն Բադալովն ընդգծել է, որ Հայաստանի հանդեպ իրենց կազմակերպության հատուկ ուշադրությունը պայմանավորված է երկրի տնտեսական ցուցանիշների աճով և ճարտարագիտական մտքի մեծ ներուժի առկայությամբ:

Share