Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյան. 2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում ՏՏ ոլորտը գրանցել է 35% աճ

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: «Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացման և ամրապնդման համար:

«Այդ առումով ուրախությամբ կարող եմ փաստել, որ 2017թ. առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 35 տոկոս տնտեսական աճ: Ինտերնետն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումները մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Այդ տեսանկյունից նա կարևորեց տեղեկատվական անվտանգության, ռադիո-հեռուստատեսության վրա ինտերնետի ազդեցության, գրադարանների թվայնացման,  ամպային տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների մասնագիտական քննարկումը և համատեղ ջանքերով դրանց լուծման ուղիներ գտնելու պատրաստակամությունը:

ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան, կարևորելով նման համաժողովի անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները:

«Քաղաքացիական հասարակությունը եղել է ինտերնետ կառավարման շարժիչ ուժը: Այս ոլորտի միջազգային հարթակում Հայաստանի ձայնը միշտ լսելի է եղել: Կարծում եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք միասին շոշափելի արդյունքների հասնել»,-ասաց Ալեքսանդրա Կուլկովան:

Ինտերնետ հանրության եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջեր Ջերան Ունալը կարևորեց ինտերնետ անվտանգությունը:

«Ինտերնետ հարթությունում սպառնալիքներին դիմակայելու խնդիրը բոլորին է առնչվում: Արդյունքի հասնելու համար պետք է բոլոր օղակները լծված լինեն այս գործին: Որևէ օղակ, կազմակերպություն կամ անհատ չի կարող միայնակ հաջողության հասնել»,-ասա Ջերան Ունալը: Նա ընդգծեց առցանց վարվելաձևի նորմերի մշակման անհրաժեշտության մասին, որոնք կօգնեն նվազեցնել սպառնալիքների ազդեցությունը:

«Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ը նախատեսում է հանրային քննարկումներ մի շարք հարցերի շուրջ, որոնք առաջացել են ինտերնետի աննախադեպ արագ ներթափանցման հետևանքով: Համաժողովին քննարկվող թեմաներն են ավանդական գրադարաններ թվային դարում, ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա, անձնական տվյալները թվային դարում, ամպային տեխնոլոգիաներ և այլն:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share