Բաժին. Տնտեսական

Հայաստանը և ԱՄԷ-ն ակտիվացնում են ներդրումային հարաբերությունները

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները մտադիր են փոխադարձ ներդրումների խրախուսման միջոցով զարգացնել երկու երկրների միջև տնտեսական կապերը: Հայաստանի խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ. հուլիսի 22-ին, Երևանում: «Համաձայնագրի նպատակը ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելն է, մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ազիզյանը:

Համաձայնագրով երկու կողմերը ստանձնում են պարտավորություններ: Մասնավորապես, կողմերը պարտավորվում են իրենց տարածքում մյուս կողմի համար  ստեղծել ներդրումների իրականացման բարենպաստ պայմաններ, ներդրումային հնարավորությունների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել՝ ապահովելով լիակատար պաշտպանություն ներդրումների և եկամուտների նկատմամբ, խտրական վերաբերմունքով  չխոչընդոտել ներդրողներին:

Պայմանագրի համաձայն՝ կողմերի ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովվի արդար և հավասար ռեժիմ, ներդրողների, ներդրումների,  եկամուտների նկատմամբ չպետք է սահմանվի պակաս բարենպաստ ռեժիմ, քան կա սեփական ներդնողների համար:

Հովհաննես Ազիզյանը նշեց, որ համաձայնագրի վավերացմամբ հնարավորություն կտա ակտիվացնել ներդրումային հարաբերությունները երկու երկրների միջև: Մասնավորապես, Հայաստանի համար որպես ներդրումների կարևորագույն ուղղություն ֆիքսվում է վերամշակվող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով Արաբական Միացյալ Էմիրություններում այս ոլորտներում առկա փորձը և հետաքրքրվածությունը, ինչպես նաև Հայաստանի հնարավորությունները:

Share