Բաժին. Տնտեսական

Բորիս Դեմիրխանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «E-Partnership» խորագրով համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել է «E-Partnership» խորագրով համաժողովին։

Համաժողովում քննարկվել են երկու հիմնական թեմաներ՝ «Կիբերանվտանգությունը և դեմոկրատիան» և «Ինչպե՞ս կարող են արևելյան երկրներն ինտեգրվել եվրոպական միտումներին»։

Համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտում գրանցված ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև քննարկվող կիբերանվտանգություն և դեմոկրատիա համադրությանը, խոսել այն մասին, թե ինչպես կարելի է ՏՀՏ ոլորտը ծառայեցնել դեմոկրատիայի և ազատության ամրապնդմանը, բայց և ընդգծել, որ իրական դեմոկրատիան չի կարող փոխարինվել թվայինով։

Այս համաժողովը, որին մասնակցում են նաև Արևելյան գործընկերության անդամ-երկրների ներկայացուցիչներ, կարևոր հարթակ է տարբեր երկրների գործարար շրջանակների շփումներն աշխուժացնելու և ՏՏ ոլորտում գործարար կապերը խորացնելու համար:

«E-Partnership» համաժողովն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար համագործակցությունը խթանելու, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու, ներդրումներ ներգրավելու, ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը նպաստելու նպատակով:

Share