Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ էր: «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային պատահարների հետևանքով ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության կքննարկվի նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը: Ոստիկանության պետին հանձնարարվել է աահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար:

Share