Բաժին. Տնտեսական

Այս տարի շինարարության ոլորտ են ուղղվել շուրջ 25 մլրդ դրամի միջազգային վարկային միջոցներ

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով իրականացվել է 25,25 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 10%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին մեր երկրի շինարարության ոլորտի առավել խոշոր միջազգային վարկատուները եղել են Համաշխարհային բանկը և Ասիական Զարգացման Բանկը:

Հունվար-օգոստոսին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 5,77 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Համաշխարհային Բանկին, 4,82 մլրդ ՀՀ դրամը՝ Ասիական Զարգացման Բանկին: Ռուսաստանի Դաշնությունը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Գերմանիայի Զարգացման Բանկն ապահովել են համեմատաբար փոքր մասնաբաժին:

Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 14%:

2016 թվականին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով իրականացվել էր շուրջ 60 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 47,5 մլրդ ՀՀ դրամ:

Share