Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքը կարգավորվելու է միասնական կանոնների նոր համաձայնագրով

Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:

«Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքի հարցը: Այս խնդրում կոնցեպտուալ մոտեցումը կլինի այն, որ մենք կսկսենք մշակել ոլորտի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս ոլորտում առաջիկայում տեղի կունենան հիմնարար փոփոխություններ` կապված տրանսպորտի ոլորտում թվայնացման, նոր մեքենաների ի հայտ գալու հետ, որոնց առնչությամբ վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, գիտելիքներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին:

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանիկառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը):

Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է եղել նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը:

Share