Բաժին. Տնտեսական

Հայաստանյան ՓՄՁ-ների ապրանքները Ռուսաստան կարտահանվեն մեկ բրենդով

Երևանի առևտրաարդյունաբերական պալատին կից կհիմնվի Առևտրի տուն, որը կաջակցի փոքր ու միջին ձեռնարկատերերին մեկ բրենդի ներքո ապրանքներ արտահանել Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովը: Նրա տեղեկացմամբ` ապրանքները կարտահանվեն  «Made in Armenia» անվան ներքո: «Հայկական ընկերությունները բոլորն էլ ցանկություն ունեն արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան: Այստեղ խնդիրը նրանում է, թե ով կարող է դա անել` հաշվի առնելով արտադրական ծավալները: Մեր ապրանքները կարող են տեղ գտնել Ռուսաստանում ու գտնում են, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չունենք շատ խոշոր արտադրողներ, որ բավարարեն ռուսական շուկայի ծավալները»,-ասաց Իվանովը:

Նրա խոսքով` հիշյալ խնդրի պրակտիկ լուծումը հենց Առևտրի տան ստեղծումն է, որի ուղղությամբ աշխատանքները սկսվել են: Այս նախագծի գաղափարը դուր է գալիս նաև ռուս, բելառուս, ղազախ գործընկերներին: «Առևտրի տունն անմիջապես զբաղվելու է առևտրատնտեսական հարաբերություններով և բուն արտահանման գործընթացներով: Սկսելու ենք գյուղատնտեսական արտադրանքով` հետագայում ներգրավելով նաև արդյունաբերության այլ ճյուղերի արտադրանքը»,- հավելեց նա:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի ութ ամսում Հայաստանից ՌԴ արտահանումը կազմել է 310 միլիոն 014.3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.6 տոկոսով: Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 22.4 տոկոս է, աճը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ կազմել է 2.4 տոկոս:

Share