Բաժին. Տնտեսական

Իգնատի Առաքելյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում  կարևոր է նաև դեսպանի դերը, ով կամուրջ է հանդիսանում երկու պետությունների միջև», – նշել է նախարարը:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը: Այս ուղղություններով ֆրանսիական կողմի փորձին ծանոթացնելու նպատակով դեսպան Լաքոտը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմամբ զբաղվող ֆրանսիական մի քանի ընկերությունների տվյալներ:

Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` նախարարը նշել է, որ ներկայումս ծրագրեր են իրականացվում օրգանական գյուղատնտեսության հետագա խթանման համար, և Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի և չրերի տեսականիով:

Դեսպանը տեղեկացրել է նաև, որ գինեգործության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք գինու միջազգային կոնֆերանսին մասնակցելու են նաև ֆրանսիացի փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցությանն առնչվող  այլ հարցեր:

Share