Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանն ընդունել է իրաքցի խորհրդարանականներին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաև Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։

Աբդելբարի Ալ-Զիբարին, համաձայնելով նախարարի հետ, նշել է, որ իրենց նույնպես չեն բավարարում տնտեսական համագործակցության առկա ցուցանիշները և առաջարկել է մեկտեղել ջանքերը դրանց աճն ապահովելու հարցում, այդ թվում՝ զբոասշրջության ոլորտում։ Իրաքցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն, քանի որ Իրաքի ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին և բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը։ «Իրաքի հայկական համայնքը ևս մշտապես առանձնացել է գործարար, մշակութային և այլ բարձր ունակություններով», – նշել է նա։

Իրաքցի խորհրդարանականները նախարար Կարայանին հրավիրել են Իրաք՝ տեղում քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։

Share