Բաժին. Տնտեսական

Գրավառուն պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել գրավատուին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ և չափ, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը և գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին: Օրինագծով նախատեսվում են, մասնավորապես, հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ ամրագրվում է գրավառուի պարտականությունը պատշաճ ձևով ծանուցելու գրավատուին (պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ) գրավի առարկայի` ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, պարտավորության մարման չափի, պարտքի մնացորդի մասին, նախատեսվում է պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափ, Ֆինանսական համակարգի հաշտարարին ևս ընձեռվում է պարտավորության խախտման հետևանքներին տուժանքի ակնհայտ անհամաչափ լինելու դեպքում այն պակասեցնելու իրավասություն:

Հավանության է արժանացել «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, հնարավորություն կընձեռվի թեթևացնել ՀՀ պետբյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը: Նախագծերի ընդունումը կնպաստի նաև վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ սահմանադրության պահանջներին: Փոփոխություններով կհստակեցվեն քրեական դատավարության շրջանակում բերված անձի դատավարական կարգավիճակի հետ կապված հարցերը, լրացուցիչ երաշխիք կներդրվի անձի հիմնական իրավունքների պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից: Ինչպես նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ դեպքերում անձը պարտավոր չէ ցուցմունք տալ:

Հավանության է արժանացել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Սահմանադրություն փոփոխությունների արդյունքում ՀՀ Նախագահի ինստիտուտի դերն էականորեն փոփոխվել է: Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել ՀՀ վարչապետին:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում սկսած 2019 թ-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար: Հիմքեր կստեղծվեն ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Share