Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն և Հանրապետություն պարբերականները միացվեցին Արմենպրեսին

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 9-ին ընդունված նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են:

««Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- նշված է հիմնավորման մեջ:

«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն են՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ 50% բաժնետոմսով, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը՝ 25 տոկոս բաժնետոմսով, կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ 25 տոկոս բաժնետոմսով:

Share