Բաժին. Տնտեսական

Նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում – 2017թ. երրորդ եռամսյակ

2017 թվականի երրորդ եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով, կազմել է 55 հազար 591.9 ՀՀ դրամ՝ ամսական կտրվածքով, և 667 հազար 102.2 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով: Նշենք, որ սպառողական զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների հիմնավորված նորմերով և նորմատիվներով սահմանված նվազագույն քանակն է:

Ինչ վերաբերում է միայն պարենային զանբյուղին, ապա ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31 հազար 407.8 դրամ՝ ամսական կտրվածքով, և 376 հազար 893.9 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով:

Հարկ է նշել, որ այս ցուցանիշները հաշվարկել են Ազգային վիճակագրական ծառայության վերլուծաբանները՝ հիմք վերցնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի վերաբերյալ տվյալները:

Մասնավորապես, պարենային զամբյուղի համար դիտարկվել է, թե մեկ չափահաս մարդուն ամսական նվազագույնը որքան սնունդ է հարկավոր, իսկ սպառողական զամբյուղի արժեքը գնահատելու համար պարենային զամբյուղի ցուցանիշը բազմապատկվել է 1.77 գործակցով (հիմք է ընդունվել այն դիտարկումը, որ հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար նվազագույնն անհրաժեշտ է սննդամթերքի վրա ծախսվող գումարի 77%-ը):


Share