Բաժին. Տնտեսական

5 տարում Հայաստանում բացվել է ավելի քան 200 նոր հյուրանոց և հյուրանոցային տնտեսություն

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել է հյուրանոցային բիզնեսը: 2012-2016 թվականներին Հայաստանում բացվել է 208 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտ, մասնավորապես՝ հյուրանոց, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, հանգստյան տուն և այլն:
Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ 2016 թվականին մեր երկրում գործել է 551 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 343, 2013 թվականին՝ 379, 2014 թվականին՝ 409, իսկ 2015 թվականին՝ 474:
Հարկ է նշել, որ առավել մեծ թվով հյուրանոցային տնտեսության օբյեկտներ գործում են Երևանում: 2016 թվականին մայրաքաղաքում հյուրանոցային օբյեկտների թիվը կազմել է 302:
Միևնույն ժամանակ, հյուրանոցային տնտեսությունների առումով համեմատաբար ակտիվ են Տավուշի մարզը՝ 67 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, և Կոտայքի մարզը՝ 54 հյուրանոցային տնտեսության օբյեկտ:
2016 թվականի արդյունքներով մեր երկրում հյուրանոցային տնտեսություններում աշխատողների ամսական միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3635 մարդ, իսկ հյուրանոցային տնտեսությունների տարեկան հասույթը՝ 22.96 մլրդ ՀՀ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի:
Նշենք, որ 2015 թվականին հասույթի ցուցանիշը կազմել էր 22,12 մլրդ ՀՀ դրամ, 2014 թվականին՝ 18,93 մլրդ ՀՀ դրամ, 2013 թվականին՝ 17,89 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2012 թվականին՝ 15,48 մլրդ ՀՀ դրամ:
Share