Բաժին. Տնտեսական

Երևանում բացվել է AMADEUS-ի ուսումնական կենտրոն

Նոյեմբերի 10-ին Երևանում պաշտոնապես բացվեց միջազգային ուղևորափոխադրումների և զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող առաջատար Amadeus Information Technology ընկերության ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնը: Որպես Amadeus-ի և վերջինիս հայաստանյան պաշտոնական գործընկեր CrossLine ընկերության համատեղ նախաձեռնություն՝ կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում արտագնա տուրիզմի զարգացմանը և տուրիստական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Ինչպես բացման արարողության ժամանակ նշեցին Amadeus և CrossLine ընկերությունների ներկայացուցիչները՝ կենտրոնն իրականացնելու է ուսումնական ծրագրեր և տուրիստական ընկերություններին առաջարկելու է բազմակողմանի աջակցություն, ինչով և նպաստելու է Հայաստանում տուրիստական բիզնեսի դինամիկ զարգացմանը և ոլորտի նորագույն լուծումների արդյունավետ կիրառմանը:
Միջոցառմանը, որին մասնակցում էին հայաստանյան տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ և պաշտոնական հյուրեր, ներկայացվեցին նաև CrossLine և Amadeus ընկերությունների նոր համատեղ բիզնես նախագծերը, մասնավորապես՝ տոմսերի ամրագրման և վաճառքի BSP.am օնլայն հարթակը՝ նախատեսված տուրիստական ընկերությունների համար, ու Hahn Air ավիաընկերության համակարգը:
Նշենք, որ CrossLine և Amadeus ընկերությունների համագործակցությունն ունի 15 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ընկերությունները համատեղ իրականացրել են տարբեր նախագծեր՝ Հայաստանի տուրիստական ընկերություններին առաջարկելով բիզնեսի զարգացման ժամանակակից գործիքներ և լուծումներ: Ընկերությունների ներկայացուցիչները վստահ են, որ նոր կենտրոնն իր ուսումնական ծրագրերով և շարունակական օժանդակությամբ կօգնի հայաստանյան տուրիստական ընկերություններին հաջողություններ գրանցել միջազգային ավիափոխադրումների կազմակերպման ոլորտում:
Share