Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. «Դիլիջան ֆրոլովայի» հանդեպ հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ»  ( Դիլիջան ֆրոլովա ապրանքանիշ )  ընկերության հանդեպ:

Վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի բովանդակության, «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է   «Դիլիջան»  հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:

Ըստ բողոքող կողմի, խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք  դեռևս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են    Դիլիջան ապրանքային նշանը: Ըստ բողոքի,  մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

«Դիլիջան»  հանքային ջրի գործարանը ՀՀ Մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին և արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:

Նշենք նաև, որ խնդրի մասին դիմող տնտեսվարողը բարձրաձայնել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Մարզի մի շարք գործարարներ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, իսկ ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ լինել հետևողական և Մրցակցային մարմնի տիրույթում գտնվող բոլոր հարցերին սեղմ ժամկետներում լուծում տալ:

Share